ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կալանքի որոշում ընդունելու դատախազության հատուկ վերանայման բողոքը, հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ դատախազությունը միջնորդել էր բեկանել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, Վարդանյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը մերժել և վերջինիս նկատմամբ ընտրել խափանման միջոց` կալանք` երեք ամիս ժամկետով:
Հունիսի 15-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում՝ Վարդանյանը և 2 կին։
Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով 6 քրեական գործ էր հարուցել։ Ըստ գործերի՝ Վարդանյանը քաղաքացիներին հարկադրել էր մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին (ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ մաս, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով):
Հունիսի 16-ին դատարանը բավարարել էր Վարդանյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Օգոստոսի 14-ին դատարանը 1 ամսով երկարաձգել էր նրա կալանքը։ Սեպտեմբերի 12-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր Վարդանյանին 1 ամսով կալանքի տակ պահելու դեմ փաստաբանական կողմի բողոքը։
Հոկտեմբերի 11-ին դատարանը կալանքից ազատել էր Վարդանյանին՝ խափանման միջոցը փոխարինելով տնային կալանքով։
Նոյեմբերի 12-ին դատարանը վերացրել էր Վարդանյանի նկատմամբ տնային կալանք խափանման միջոցը։ Հարությունյանը Armenia Today-ին մանրամասնել է, որ դատարանը տնային կալանքը փոխարինել է նոր խափանման միջոցով՝ բացակայելու արգելքով և 5 մլն դրամ գրավով։