Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը, հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից շեշտել են, որ նախագծերն այլևս չեն քննարկվելու այդ տրամաբանությամբ։
Նոյեմբերի 11-ին ՆԳՆ-ն հայտարարել էր, որ սառեցրել է հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու վերաբերյալ նախագիծը և ձեռնպահ է մնալու այն ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացնելուց։
ԱԺ-ն հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունել էր օրենսդրական նախագծերի փաթեթ, որով տնտեսավարող սուբյեկտները պարտավորվելու էին շինության մուտքը և բոլոր կողմերն ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ։
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր, որ տեսահսկման համակարգերի պարտադիր տեղադրման մասին նախագիծը կխախտի քաղաքացիների անձնական կյանքի և հավաքներ անցկացնելու իրավունքը։ Կազմակերպությունը նշել էր, որ մինչև մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան փոփոխություններ կատարելը ՀՀ իշխանությունները պետք է հրաժարվեն օրինագծից կամ գոնե դադարեցնեն դրա քննարկումը։