Դեկտեմբերի 17-ին Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի («Ալրաղացի Լյովիկ»-խմբ․) պաշտպանների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները, և նրան 9 տարով ազատազրկելու դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Սարգսյանի պաշտպանը բողոքարկել էր 9 տարի ժամկետով ազատազրկելու վճիռը, որը դատարանը կայացրել էր 2022-ին։
2020 թվականի դեկտեմբերի 21-ին Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով)։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 14 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու և կազմակերպելու համար: Գործում ներգրավված էր նաև ՀՀ երկու քաղաքացի, որոնց թվում էր նրա փեսան՝ Սուրեն Ղազարյանը։
Դատարանի 2022 թվականի հունիսին Սարգսյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 9 տարի ժամկետով ազատազրկման: Ղազարյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման։