Դատարանը վերացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը, հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Այսօրվա դատական նիստով ավարտվեց ապացույցների հետազոտման փուլը, այդ թվում՝ հարցաքննվեցին տուժող Դավիթ Լևոնյանը (Civic.am լրատվական գործակալության լրագրող-խմբ․) և վկան։ Շուտով կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Սույն դատավարության ամբողջ ընթացքը միայն վերահաստատեց Սուքոյանի անմեղությունը»,- գրել է փաստաբանը։
Սուքոյանին ձերբակալել, այնուհետ կալանավորել էին Լևոնյանի հետ ապրիլի 30-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Սուքոյանը հայհոյել, ապա հարվածել էր Լևոնյանին այն բանից հետո, երբ պարզաբանում էր պահանջել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ տարածած տեսանյութի մասին, որտեղ նրան որպես գործակալ էր ներկայացրել։
Հունիսի 3-ին արքեպիսկոպոսը դատական հայց էր ներկայացրել Լևոնյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր մասին ապրիլի 27-ին հրապարակված «զրպարտություն համարվող տվյալները»։ Նա լրագրողից պահանջել էր հերքել, որ «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլարներ, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց»։
«Փաստինֆո»-ին դատախազությունից հայտնել էին, որ ԱԱԾ-ն հերքել է արքեպիսկոպոսի՝ գործակալ լինելու մասին տեղեկատվությունը։ Հուլիսին դատարանը Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել էր վարչական հսկողությամբ։