Կանխվել է Իրանից մոտ 13 կգ մարիխուանա տեսակի թմրանյութը Հայաստանով Վրաստան տեղափոխելու գործընթացը, 4 անձ կալանավորվել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Իրավապահներն Իջևան քաղաքում ձերբակալվել են 31-ամյա և 29-ամյա երկու երիտասարդի և վերջինի «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված մարիխուանա տեսակի թմրամիջոցով 3 պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 4 կգ 460 գրամ, 4 կգ 490 գրամ և 4 կգ 655 գրամ քաշով:
Ըստ գերատեսչության՝ 31-ամյա երիտասարդը թմրամիջոցը պետք է փոխանցեր գնացքի մեքենավարի օգնական աշխատող 34-ամյա տղամարդուն, որը, նախնական պայմանավորվածության համաձայն, թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով պետք է տեղափոխեր Վրաստան:
Մեքենավարի օգնականն Ալավերդու Սանահին կայարանում նշված փաթեթներն ստանալու պահին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են կատարվել 31-ամյա և 25-ամյա երիտասարների բնակության վայրերում։ Հայտնաբերվել է 302 փաթեթ, ընդհանուր՝ 632 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցով: 29, 31, 34 և 25-ամյա 4 տղամարդ կալանավորվել է: