Քսան օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձ է մահացել, հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
«ՄԻՊ աշխատակազմը նրա ստացիոնար բուժման անհրաժեշտության հարցը տարբեր ձևաչափերով անընդհատ քննարկել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ»,- ասված է հրապարակման մեջ։
Ընդգծվել է, որ վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստանում իրավասու մարմինների կողմից քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց հացադուլի պատշաճ վարմանն առնչվող խնդիրների առնչությամբ: ՄԻՊ-ից տեղեկացրել են, որ բարձրացվում են նաև ստացիոնար բժշկական օգնության հասանելիությանը վերաբերելի հարցեր:
«ՄԻՊ Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում ստացիոնար բուժման անհրաժեշտություն ունեցող հացադուլ հայտարարած անձանց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխման անհարկի ձգձգումները, ինչը երբեմն անդառնալի հետևանքներ է ունենում»,- հայտնել են ՄԻՊ-ում։