ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է, հայտնել են նրա փաստաբաններ Վարազդատ Հարությունյանը և Արմեն Անդրիկյանը։
Նրան կալանավորելու որոշումը 5 ժամ տևած դատական նիստից հետո կայացրել դատավոր Մասիս Մելքոնյանը՝ բավարարելով քննիչի քննիչի միջնորդությունը։
Փաստաբաննները նշել են, որ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, և պատրաստվում են Վերաքննիչ բողոք ներկայացնել։
«Սա միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող անձին կալանավորելու եզակի դեպքերից է։ Վստահորեն պնդում ենք, որ Խաչատրյանի նկատմամբ կիրառվեց օրենքով և ՄԻԵԴ ու ՀՀ դատական պրակտիկայով չհիմնավորված տարբերակված մոտեցում: Այսինքն, Խաչատրյանի նկատմամբ կալանքը կիրառվեց ոչ թե արդեն 4 տարի ձգվող վարույթի ընթացքն ապահովելու, այլ` նրան իր ակտիվ քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման համար պատժելու, ինչպես նաև պատերազմի պարտության «մեղավորներ» կարգելու նպատակով»,- հայտարարել են փաստաբանները՝ հավելելով, որ Խաչատրյանը կալանքը կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
Հունվարի 4-ին պաշտպանները հայտնել էին Խաչատրյանին ձերբակալելու մասին։ Նրանք տեղեկացրել էին, որ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների։ Փաստաբաններն ընդգծել էին, որ նախաքննական և ռազմական գաղտնիքի հիմքով փայս փուլում չեն կարող մանրամասներ հաղորդել։
Խաչատրյանին կալանավորել էին 2024-ի հունվարի 15-ին՝ Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպին մասնակցելու կասկածանքով։ Դեպքի առթիվ քրվարույթ էր հարուցվել Քրեական օրենսգրքի խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն կրելու և զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։ Մարտի 4-ին դատարանը Խաչատրյանի կալանքը փոխարինել էր երկրից չհեռանալու մասին արգելքով։ Նրա նկատմամբ կիրառվել էր 5 մլն դրամ գրավ։
Խաչատրյանը պաշտոնանկ էր արվել 2020 թվականի հունիսի 15-ին։ 2021 թվականի մարտի 24-ին պաշտոնը վերականգնելու պահանջով նա հայց էր ներկայացրել այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանի դեմ։ Վարչական դատարանը, սակայն, մերժել էր հայցը։