2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործողությունները ծանր հետևանքներ են առաջացրել, այդ թվում՝ հակառակորդն անխոչընդոտ տիրացել է ռազմավարական բարձունքի, տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, որը ներկայացրել է հունվարի 5-ին կալանավորված Խաչատրյանի մեղադրանքի բնույթը։
ՔԿ-ից հայտնել են, որ 2025 թվականի հունվարի 3-ին Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ․)։
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Տ․Խ-ն, ռազմական դրության ընթացքում նշանակված լինելով որպես զորքերի հարավային խմբավորման հրամանատար, 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»,- մանրամասնել են ՔԿ-ում։
Մասնավորապես, ըստ ՔԿ-ի, Խաչատրյանի գործողությունները «հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները»։
Հունվարի 4-ին պաշտպանները հայտնել էին Խաչատրյանին ձերբակալելու մասին։ Նրանք տեղեկացրել էին Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Հունվարի 5-ին փաստաբանները տեղեկացրել էին, որ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է։
Խաչատրյանին կալանավորել էին 2024-ի հունվարի 15-ին՝ Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպին մասնակցելու կասկածանքով։ Դեպքի առթիվ քրվարույթ էր հարուցվել Քրեական օրենսգրքի խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն կրելու և զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։ Մարտի 4-ին դատարանը Խաչատրյանի կալանքը փոխարինել էր երկրից չհեռանալու մասին արգելքով։ Նրա նկատմամբ կիրառվել էր 5 մլն դրամ գրավ։
Խաչատրյանը պաշտոնանկ էր արվել 2020 թվականի հունիսի 15-ին։ 2021 թվականի մարտի 24-ին պաշտոնը վերականգնելու պահանջով նա հայց էր ներկայացրել այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանի դեմ։ Վարչական դատարանը, սակայն, մերժել էր հայցը։