ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը հունվարի 10-ի նիստում դրական եզրակացություն տվեց «1899 թվականի հուլիսի 29-ին և 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվեցիաները վավերացնելու նախագծին։
«Վավերացնելով այս երկու կոնվենցիաները` Հայաստանի Հանրապետությունը դառնում է մշտական արբիտրաժային պալատի անդամ պետություն։ Կոնվեցիաների վավերացումը ՀՀ-ի կողմից մեսիջ կլինի միջազգային հանրությանը»,- օրենքի նախագծի քննարկմանն ասել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ կոնվեցիաները վավերացնելու դեպքում Հայաստանը հնարավորություն է ստանում պետական արբիտրաժային անդամ պետություն լինելով` ներկայացնել արբիտրների թեկնածուներ, որոնք որպես արբիտրներ կկարողանան հանդես գալ պետությունների միջև վեճերի կարգավորման արբիտրաժային դատարանում քննվող գործերի ժամանակ:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը տեղեկացրել է, որ 2024 թվականի հաշվարկով կառույցին անդամակցելու տարեկան անդամավճարը կկազմի 1923 եվրո:
2024-ի նոյեմբերին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «1899 թվականի հուլիսի 29-ին և 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։