Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը: Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանին։
Հարցին, թե արդյո՞ք դատարանի որոշման դեմ պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել, պաշտպանը պատասխանել է, որ իրենց գործողություններն օրենքով սահմանված կարգով կիրականացվեն:
Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակին՝ պաշտպանն ասել է, որ, եթե կալանքի տակ գտնվող այլ անձանց խափանման միջոցը փոխվում է համավարակով պայմանավորված, ապա իրենց պարագայում հասկանալի պատճառներով դա փոփոխման ենթակա չէ՝ անկախ հիմնավորվածությունից և այլ հանգամանքների հաստատվել-չհաստատվելուց: Հարցին, թե արդյո՞ք դատարանները Վահագն Վերմիշյանի գործով կաշկանդվածություն ունեն, փաստաբանը պատասխանեց, որ կաշկանդվածության վերաբերյալ հստակ որևէ բան չի կարող ասել, բայց այն, որ հիմքերի գնահատման և դիրքորոշման առումով կարելի էր քննարկել, դա հաստատ է:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 5-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու գործով։