Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Գործադիրն առաջարկում է երկարաձգել ցեմենտի վրա տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը

Նախագծերի ընդունումը հնարավորություն կտա խթանել ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտի ներքին արտադրությունը

img

ՀՀ կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստում հավանություն տվեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը երկարաձգելու առաջարկությանը։

Ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը երկարաձգելու նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտի ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ներկայացնելով նախագծերը, նշեց, որ նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրքի սահմանման արդյունքում Իրանից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, սակայն զգալիորեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները: 
«Առաջարկում ենք, ավելի լավ կարգավորման մեխանիզմ տալու նպատակով, երկարաձգել տուրքի գործունեության ժամկետը մինչև հուլիսի 1-ը»,- ասաց Ավագ Ավանեսյանը։

Նշենք, որ ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքը գործում է մինչև 2020 թ. ապրիլի 1-ը:

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի Ազգային ժողովում:

Թեգեր: ՀՀ Կառավարություն, Ցեմենտ