«Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները, որոնք պաշտոնապես նախատեսված էին անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, փաստացի երկարաձգվել են»,-այս մասին Facebook—ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի՝ նման եզրակացություն կարելի է անել Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունից, որով ոչ միայն տեղեկացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի այցի մասին, այլև այն, որ Թուրքիայից ժամանած հյուրերը հետևելու են զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ դրվագներին։
«Կրկնում եմ՝ նախապես հրապարակված պլանով զորավարժությունները օգոստոսի 10-ին պետք է ավարտվեին, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք դեռևս շարունակվում են»,-նշել է նա։
Պաշտոնապես հայտարարված ժամկետները չեն պահպանվում և հաշվի առնելով տարածաշրջանում առկա բարդ ռազմաքաղաքական իրադրությունը և բանակցությունների փակուղում գտնվելը՝ առկա զարգացումները նոր լարվածության հնարավորություն են ստեղծում, նշել է Աբրահամյանը։
«Այս առումով մեծ անելիքներ ունեն նաև միջնորդ երկրները՝ տարածաշրջանային նոր սպառնալիքների չեզոքացման, Թուրքիայի ախորժակը զսպելու և Ադրբեջանին քաղաքական դաշտ վերադարձնելու ուղղությամբ»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ թուրք ադրբեջանական համատեղ զորավարժությունների ծրագրի համաձայն՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները պետք է անցկացվեին օգոստոսի 1-5-ը Բաքվում եւ Նախիջեւանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ զորավարժությունները՝ հուլիսի 29 – ից օգոստոսի 10 – ը ՝ Բաքվում, Նախիջեւանում, Գյանջայում, Կյուրդամիրում եւ Եվլախում։