Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ ապագան մեծապես կախված է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներից, հետևաբար, այդ կազմակերպությունը կընդլայնվի, թե կկազմաքանդվի, այս պահին դժվար է ասել։ Այս մասին Armenia Today–ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Մոսկվայում ՀԱՊԿ երկրների առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներին։
«Շատ անկանխատեսելի է Ուկրաինայի իրավիճակը, ես չեմ բացառի անգամ շատ ավելի լուրջ ռազմական կոնֆլիկտ այդտեղ, ընդհուպ մինչև միջուկային սպառազինության կիրառում, դրա համար որևէ կանխատեսում չեմ կարող անել»,- ասաց նա։
Մասնավորապես անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սուր ելույթին և հարցին, թե այդ կոշտ հռետորաբանությունն ինչ հետևանքներ կբերի և հնարավո՞ր է՝ կապված է Հայաստանի ներքին ճգնաժամի հետ, քաղաքագետն ասաց, որ չի կարծում, թե այդ կապն ուղղակի էր։
«Իհարկե, Նիկոլ Փաշինյանի արտահայտած դժգոհությունները տեղին էին, ոչ թե սուր էին, այլ դեռ մի բան էլ մեղմ էին։ Իրականում դժգոհելու շատ ավելի լուրջ խնդիրներ կային, բայց խնդիրն այն է, թե ինչու էր պետք հրապարակավ դա բարձրաձայնել, եթե դա որևէ արդյունք չէր տալու։ Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը դրանով փորձում էր հող պատրաստել հետագայում Հայաստանի անվտանգային համակարգը դիվերսիֆիկացնելու համար»,- ասաց նա։
Արմեն Բաղդասարյանը նշեց, որ եթե հանկարծ այդ անվտանգային համակարգը իրեն չարդարացնի, Հայաստանը փորձում է Արևմուտքի անվտանգային համակարգերի համար նոր կամուրջներ ստեղծել, կամ գոնե հին կամուրջները չայրել։ Ըստ նրա՝ ՀԱՊԿ–ը դրան ըմբռնումով չի մոտենա։
«Կարծում եմ, որ վտանգավոր է Հայաստանի համար այս պահին այդպիսի ճկունություն ցուցաբերելը, քանի որ Հայաստանն անվտանգային առումով բավականին խոցելի վիճակում է, և Ռուսաստանն էլ՝Հայաստանի նկատմամբ ինչ-որ պատասխան գործողություններ անելու բավականին լծակներ ունի»,–ասաց նա և նշեց, որ կարծում է, թե սխալ է ամբողջովին անվտանգությունն ապավինել մի համակարգի և միաժամանակ քննադատել այդ համակարգը։
Անդրադառնալով նրան, որ ԱՊՀ երկրները ցանկանում են դիտորդներ դարձնել ՀԱՊԿ-ում և հաշվի առնելով, որ Ադրբեջանը գտնվում է ԱՊՀ-ում, ինչպիսի զարգացում կարելի է սպասել՝ Արմեն Բաղդասարյանն ասաց, որ առաջին հայացքից դա կարող է մեզ համար թվալ, թե բացասական զարգացում է, բայց ամեն դեպքում, եթե Հայաստանը և Ադրբեջանը գտնվեն միևնույն անվտանգային համակարգում, դա նույնիսկ ինչ–որ իմաստով կնվազեցնի անվտանգային սպառնալիքը։
«Ադրբեջանը ՀԱՊԿ–ում ավելի շատ դաշնակիցներ ունի, քան մենք, եթե դա, այսպես ասած, փաստաթղթավորվի, դրվի պաշտոնական հիմքերի վրա, դա կարող է ավելի կանխատեսելի դարձնել հետագա զարգացումները»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Բրյուսել այցին ՀԱՊԿ գագաթնաժողովից անմիջապես հետո, քաղաքագետն ասաց, որ Հայաստանը փորձում է այդ բրյուսելյան շփումներն ակտիվացնելու միջոցով հույսը չդնել միայն ՀԱՊԿ-ի վրա, ունենալ նաև ինչ-որ այլ հարթություններ։ «Տեսականորեն դա գուցե շատ լավ է, ճիշտ է, բայց պահը հարմար չէ, քանի որ Հայաստանը շատ խոցելի վիճակում է և Ռուսաստան-Արևմուտք առճակատումն էլ ամենալարված իրավիճակում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ես չեմ կարծում՝ արագ կոնկրետ արդյունքներ կարելի է ակնկալել, պարզապես Բրյուսելին զուգահեռ մասնակցությունը հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում կարող է դրական ազդել»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 16–ին ՀԱՊԿ երկրների ղեկավարները Մոսկվայում վերջին 2,5 տարվա ընթացքում առաջին դեմ առ դեմ գագաթնաժողովին են մասնակցել։
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը։