Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարելով, որ Թեհրանի համար անընդունելի է Հայաստանի հետ սահմանի արգելափակումը, Անկարային հիշեցրել է, որ այդ թեման մնում է Իրանի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը՝ մեկնաբանելով հուլիսի 19-ին Թեհրանում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովը։
Արեշևն ընդգծել է, որ Խամենեիի հայտարարությունն ուղղված էր կոնկրետ Թուրքիայի նախագահին։ Փորձագետի խոսքով՝ այդ հայտարարությունը պետք է դիտարկել իրանա-թուրքական ոչ դյուրին փոխհարաբերությունների համատեքստում, այդ թվում՝ կովկասյան ճակատում, և երկկողմ կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման փորձերի համատեքստում, որը ձեռնարկում է Իրանի ղեկավարությունը, այդ թվում՝ բարձր մակարդակով ուղերձ հղելով թուրք առաջնորդին։
Փորձագետը նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ինչ-որ կերպ լուծել Հայաստանի ինքնիշխան տարածքի միջոցով արտատարածքային հաղորդակցության հաստատման հարցը, ինչն, իհարկե, առաջացնում է Իրանի մտահոգությունը: Նա հիշեցրել է, որ 2021 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ռազմական էսկալացիայի նշաններ են եղել Իրանի սահմանին։ Ըստ Արեշևի՝ վերջին հաշվով Իրանն անցել է ավելի ակտիվ քաղաքական, տնտեսական և դիվանագիտական գործունեության, ինչը չի բացառում Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ լարվածության սրման դեպքում ավելի ակնհայտ գործողություններ:
«Կարծում եմ, որ Իրանի գերագույն առաջնորդը պարզապես հիշեցնում է այն մասին, որ իրադրությունը մնում է Թեհրանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և սահմանի երկայնքով կամ ՌԴ-ում արգելված միջազգային խմբավորումների ահաբեկիչների կամ իսրայելական ուժերի հնարավոր տեղակայումը, ինչի մասին ակնարկները եղել են անցյալ տարի, նախկինի պես անընդունելի է իրանական կողմի համար», – նշել է ռուս քաղաքագետը:
Գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են նաև Ղարաբաղյան հարցը։ Պատասխանելով Անկարայի և Մոսկվայի միջև ղարաբաղյան կարգավորման շուրջ տարաձայնությունների մասին հարցին՝ Արեշևը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հարցը շատ կարևոր է ռուս-թուրքական երկխոսության տեսանկյունից:
Նրա խոսքով՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ուկրաինայում ռուսական գործողության ձգձգմանը զուգընթաց փորձեր են տեղի ունենալու «ապասառեցնել» ղարաբաղյան խնդիրը, սրել հնարավոր հակասությունները: Արեշևը հիշեցրել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների մասին, որը դժգոհություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունից, որն իբր չի կատարում իր խնդիրները։
«Հաշվի առնելով ադրբեջանական և թուրքական առաջնորդների սերտ կապերը՝ շատ կարևոր է իրավիճակը պահել կանխատեսելի և առնվազն տեղեկատվություն ունենալ Հարավային Կովկասում թուրքական կողմի հնարավոր գործողությունների մասին՝ հաշվի առնելով այն, որ այդ տարածաշրջանը օգտագործվելու է Արևմուտքի կողմից՝ որպես Ռուսաստանի դեմ երկրորդական ճակատ՝ Ուկրաինայում գործողությունների հետ կապված։ Վերջերս Անդրկովկասի բոլոր երեք մայրաքաղաքներում եղել է ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարը։ Կարծում եմ, որ դա կապված է միանգամայն որոշակի մտադրությունների հետ», – ասել է փորձագետը։
Ըստ Արեշևի՝ այդ կապակցությամբ Թուրքիայի դիրքորոշումը, որպես վերջին երկու տարիներին Հարավային Կովկասում իր դիրքերն էապես ուժեղացրած խաղացող, ոչ պակաս կարևոր նշանակություն ունի: Ռուսական կողմին կարևոր է այստեղ անմիջական շփում պահպանել և, համենայնդեպս, փորձել առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ, նշել է փորձագետը։
Նա նաև մեկնաբանել է ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ ձևաչափի օրակարգում Հարավային Կովկասի տարածաշրջանի թեմատիկան ընդգրկելու հնարավորությունը: Հայտարարության մեջ, որը հրապարակվել է Թեհրանում կայացած գագաթնաժողովի արդյունքներով, ասվում էր, որ երեք երկրների ղեկավարները որոշում են ընդունել ընդլայնել փոխգործակցության եռակողմ ձևաչափը միայն սիրիական թեմատիկայի սահմաններից դուրս։
«Կարծում եմ, որ ոչ միայն ցանկալի է, այլև անհրաժեշտ է ընդգրկել Կովկասի հետ կապված օրակարգ, որը միավորում է բոլոր երեք երկրներին։ Քանի որ մենք գիտենք, որ և՛ իրանա-թուրքական, և՛ ռուս-թուրքական հարաբերություններում շատ են տարբեր ստորջրյա քարերը, մասնավորապես՝ կապված Մերձավոր Արևելքի, միգրացիայի, Սիրիայում և Հյուսիսային Իրաքում Թուրքիայի էքսպանսիայի հետ, ինչը, ի դեպ, զգալիորեն բարդացրել է վերջին ամիսներին իրանա-թուրքական հարաբերությունները», – ասել է Արեշևը։
Նա կարևորել է Կովկասի տարածաշրջանը՝ հիշեցնելով, որ Իրանն էլ փորձում է ուժային ցույցերից անցնել ավելի ակտիվ տնտեսական կապերի հաստատմանը թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ: Փորձագետը կարևորեց տարածաշրջանային թեմատիկան և՛ թուրքական ներկայության, և՛ սահմանի բացման վերաբերյալ հայ-թուրքական շարունակական բանակցությունների տեսանկյունից: Արեշևը նաև առանձնացրել է էկոլոգիայի հետ կապված հարցերի համալիրը, նշելով, որ Քուրի և Արաքսի վերին հոսանքներում թուրքական հիդրոտեխնիկական նախագծերը անմիջականորեն կվերաբերվեն Անդրկովկասի բոլոր երեք պետություններին, Իրանին և մասամբ Ռուսաստանին:
Արեշևի խոսքով՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի համար կարևոր հարցերի համալիրը կապված է Կովկասյան տարածաշրջանի արդիական խնդիրների հետ, և այսպես թե այնպես այդ հարցերը ծագում են երկկողմ և եռակողմ բանակցությունների ընթացքում, ինչպես դա եղավ հուլիսի 19-ին Թեհրանում:
«Տեսնենք, թե ինչպես են վարվելու բանակցությունները և ինչպիսին կլինի դրանց բովանդակային մասը, քանի որ, բացի պետությունների ղեկավարների հանդիպումներից, նման ձևաչափերի համար արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով անհրաժեշտ է նաև համակարգային ամենօրյա աշխատանք, որոնք կարող են լուծումներ մշակել, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք համաձայնեցնել օպերատիվ ռեժիմով։ Որքան ես հասկանում եմ, պետությունների ղեկավարների միջև այդ մասով պայմանավորվածություններ կան և կտեսնենք, թե ինչպես դրանք կիրականացվեն կոնկրետ պրակտիկայում և միջոցառումներում», – եզրակացության մեջ ասել է ռուս փորձագետը: