Իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը չի կարծում, որ վերջին օրերի մի շարք իրադարձություններ կարող են Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության նոր փուլի պատճառ դառնալ։
Armenia Today-ի հետ զրույցում նա նշել է, որ վերջին օրերի մի շարք այլ զարգացումներ հաշվի առնելով՝ Իրան-Ադրբեջան հարաբերություններում այս փուլում մի քիչ ավելի մեղմացում կտեսնենք։
Նա իր այս կանխատեսումը պայմանավորում է մասնավորապես Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված վերջին համաձայնագրով։
Անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածության նոր փուլի հավանականությանը՝ իրանագետը միևնույն ժամանակ նշել է․ «Ամեն դեպքում, Իսրայելի համար Իրանի դեմ միակ կետն Ադրբեջանն է։ Իսրայելն Ադրբեջանում փորձում է պահպանել Իրանի դեմ կուրսը։ Ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության՝ Իսրայելը հայտարարել է, որ մոտ 192 ռազմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխում Ադրբեջան։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ տարածաշրջանային վերջին զարգացումներն Ադրբեջանին նոր արտաքին քաղաքականության կդրդեն, ըստ որի՝ կփորձի այդքան էլ հակաիրական նկրտումներ չունենալ»։
Իրանագետի խոսքով, ամեն դեպքում, պետք է սպասել զարգացումների ընթացքին։
«Վերջին մի քանի օրվա մեջ տարածաշրջանում առկա փոփոխություններն իքնին աննախադեպ են։ Չինաստանի գլխավորությամբ Իրանի ու Սաուդյան Արաբիայի նոր համաձայնագիրը տարածաշրջանում նոր զարգացումների է բերելու, պետք է պետք է սպասենք՝ հասկանալու արդյունքը։ Ամեն դեպքում տարածաշրջանում Իսրայելի ու ԱՄՆ-ի դերակատարումն այս պահին գրեթե փոփոխվում է, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե, մասնավորապես, Միջին Արևելքի խաղացողներն ինչպես կխաղան։ Եթե այդ խաղերն ընթանան այնպես, ինչպես վերջին մի քանի օրերին, լուրջ փոխոություններ կլինեն, այս տեսանկյունից Կովկասում ավելի հանդարտ վիճակի կարող ենք սպասել»,-ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով փոփոխությունների հնարավոր ազդեցություններին նաև մեր երկրի համար՝ իրանագետը նշեց, որ մեզ մոտ չկա նորմալ դիվանագիտություն, որը կփորձի ինչ-որ բան քաղել տարածաշրջանային զարգացումներից։
«Մեծ խաղի մեջ օբյեկտ ենք դարձել։ Ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք, որ Իրանի, Սաուդյան Արաբիայի և Չինաստանի դերակատարումները տարածաշրջանում ավելի են հզորանում։ Այս երկրների հետ պետք է ավելի սերտ պետք է համագործակցենք ու չփորձենք հակառակ բլոկի դաշտում խաղալ»,-հավելեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, Ադրբեջանի և Իրանի միջև որոշակի լարվածություն կա։ Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ գրել էին նաև, որ իրավապահները «իրանցի լրտեսների» են ձերբակալել։ Հավելենք նաև, որ ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, Բաքուն ավիաբազա է պատրաստել, որը նախատեսված է Իսրայելին օգնելու համար, եթե վերջինս որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Ավելի ուշ Բաքուն հերքել էր տեղեկությունը։
Մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Իրանը և Սաուդյան Արաբիան Պեկինում համաձայնագիր են ստորագրել հարաբերությունները վերականգնելու շուրջ։ Թեհրանն ու Էր Ռիադը պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել դեսպանատները առավելագույնը երկու ամսվա ընթացքում: