Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները։
Մայիսի 14-ին կայացած ընտրություններում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքել է ձայների 45%-ը։ ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը ստացել է 5,22%: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկին անհրաժեշտ էր ձայների 50%-ը։ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։
Գործոններ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, երկրորդ փուլի մասին կանխատեսումներ
Փորձագետի կարծիքով՝ Էրդողանը կարողացավ մեծապես հաղթահարել ավերիչ երկրաշարժի բացասական հետևանքները և Թուրքիայում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակը իր վերընտրվելու համար։ Իսկ ընդդիմությանը չհաջողվեց օգտվել այդ գործոններից, նշեց Սաֆրաստյանը։
«Էրդողանի հաջողությունը կապված է իշխանական լծակներն օգտագործելու, Էրդողանի՝ առավել փորձառու և խարիզմատիկ քաղաքական գործիչ լինելու, քաղաքական մանիպուլիացիային լիովին տիրապետելու կարողության հետ»,- նշեց նա:
Բացի այդ որոշ քաղաքացիների սոցիալական վիճակը մեղմելու համար որոշակի օգնություն է ցուցաբերվել, որը չէր կարող չտալ իր դրական արդյունքը գործող նախագահի համար: Իհարկե այդ օգնությունը պետական գանձարանի հաշվին էր, քանի որ կար տեղեկություն, որ մեծ քանակությամբ արժույթ և ոսկի էր նետվում շուկա թուրքական լիրան պահպանելու համար, ասաց Սաֆրաստյանը:
«Մյուս կողմից, ընդդիմությունը ցույց տվեց, որ չունի այնպիսի փորձառու գործիչ, ինչպիսին Էրդողանն է։ Քըլըչդարօղլուն իրեն զիջում է որպես քաղաքական գործիչ և չէր կարող օգտվել իմ նշած հանգամանքներից։ Բացի այդ, բոլոր 6 հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, որոնք միավորվել են Էրդողանի դեմ, ունեն տարբեր նպատակներ, տարբեր քաղաքական ու գաղափարական ուղղություններ։ Նրանց միջև առանձնապես պայմանավորվածություն չկա, սա էլ է իր դերը խաղացել»,- ասաց փորձագետը։
Սաֆրաստյանը պատասխանեց նաև Թուրքիայում իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ կանխատեսումների մասին հարցին։ Նրա կարծիքով, ավելի հավանական է, որ Թուրքիայի գործող նախագահը կհաղթի երկրորդ փուլում։
Քրդական գործոնի նշանակությունը ընտրություններում
«Էրդողանը կարողացավ քրդական երկրորդական մի կուսակցության հետ դաշինք կնքել ու որոշ չափով շահել քրդական համայնքի ձայները: Սակայն պետք է նշել, որ քրդական համայնքի մի մասը և՛ նախորդ, և՛ այս ընտրություններին ձայնը տվել է Էրդողանին: Իսկ այդ փոքր կուսակությունը լրացրեց ձայները»,- ասաց նա: Ըստ փորձագետի, քրդերի ձայներն օգտագործել է ոչ միայն Էրդողանն, այլ նար Քըլըչդարօղլուն:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը փորձել է օգտագործել նաև «քրդական խաղաքարտը»։ «Քըլըչդարօղլուն համաձայնության եկավ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հետ, որն այս ընտրություններին մասնակցում էր մեկ այլ կուսակցության կազմում: Նա իր ձայները կտա նրան երկրորդ փուլում»,- ասաց Սաֆրաստյանը։
Նրա կարծիքով, դա մեծապես պայմանավորված է նրանով, որ բանտում են գտնվում Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության առաջնորդ և հիմնադիրներից մեկը՝ Սելահաթթին Դեմիրթաշը, ինչպես նաև մի շարք այլ կուսակցության առաջնորդներ։ Արդյունքում քրդամետ կուսակցությունը մայիսի 14-ի ընտրություններում ավելի քիչ ձայներ ստացավ, քան նախկինում։ «Այսպիսով, քրդական գործոնը, իհարկե, իր դերն ունեցավ, բայց կարծում եմ, որ այն որոշիչ չէր»,- ընդգծեց փորձագետը։
Ինչպես կազդեն ընտրությունների արդյունքները տարածաշրջանի և Հայաստանի վրա
Սաֆրաստյանը շեշտեց, որ, իր կարծիքով, ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմադիր թեկնածուն պարտվելու է Էրդողանին։ Փորձագետը նաև նշեց, որ ընդդիմությունը պարտություն է կրել նաև խորհրդարանական ընտրություններում, որոնք Թուրքիայում անցկացվել են նախագահական ընտրությունների հետ միաժամանակ։
Նա ընդգծեց, որ Թուրքիայի գործող նախագահի հավանական վերընտրվելը ոչ մի հատուկ փոփոխություն չի մտցնի Անկարայի արտաքին քաղաքականության մեջ։ «Թուրքիան կշարունակի իր քաղաքականությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանի նկատմամբ։ Իմ գնահատմամբ՝ այս քաղաքականությունը ավելի կկոշտանա, կդառնա ավելի ագրեսիվ»,- եզրափակեց փորձագետը։
Արաքսյա Սնխչյան