Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանն Armenia Today-ի հետ զրույցում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու անհրաժեշտության մասին Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններն «անիմաստ և անհեթեթ» է անվանել։
Ապրիլին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու անհրաժեշտության մասին։ Ավելի ուշ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ կառավարության օրակարգում նման հարց չկա։
«Շատ անիմաստ եմ համարում 1915 թվականի զոհերի ցուցակ կազմելու առաջարկը, որովհետև իրականալի չէ հարյուր տարի անց անվանացանկ պատրաստել և դրանով փաստել, որ 1,5 միլիոն նահատակներ ենք տվել: Սա շատ անհեթեթ առաջարկ է, իրականանալու հնարավորություն բացարձակապես չունի»,- ասել է Էստուկյանը՝ ընդգծելով, որ ցեղասպանության փաստն այն է, որ «հայ ժողովուրդը մինչև 1915թ․ իր գոյությունը պատմական Հայաստանում է պահել և այսօր չկա»:
Մեկնաբանելով այն կարծիքներն ու լրատվամիջոցների հրապարակումները, թե ՀՀ իշխանությունները հրաժարվում են ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, Էստուկյանն ընդգծել է, որ Հայաստանը Հայոց ցեղասպանության հետ կապված պահանջներ չունի, ինչպես նաև կարծիք է հայտնել, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը նշանակություն չունի և որևէ էական ազդեցություն չի ունենա:
«Հայաստանը ցեղասպանության հետ առնչված պահանջ չունի, այսինքն՝ պահանջ ասելով պետք է հասկանանք հողային, բարոյական, նյութական հատուցում, այս ամենը մեր օրակարգում չկա»,- ասել է նա՝ նշելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր բոլոր երեք նախագահները և ներկայիս վարչապետը հայտարարել են, որ Երևանը հողային պահանջներ չունի Թուրքիայից։
Ըստ նրա՝ «Ռոբերտ Քոչարյանի վարած ռազմավարությունը ցեղասպանության միջազգային ճանաչումն էր, այսինքն՝ երկրների խորհրդարաններին համոզելը, որպեսզի պաշտոնապես ցեղասպանություն կոչեն 1915 թվականի Մեծ Եղեռնը»։
«Դա Մեծ եղեռն էր և ցեղասպանություն, բայց ի՞նչ նշանակություն ունի այս կամ այն երկրորդ պետության ցեղասպանություն կոչելը, մենք ի՞նչ կշահենք: Շատ թվով երկրներ ճանաչեցին [ցեղասպանությունը], բայց սա նպաստ չբերեց: Մեզ նպաստ բերող միակ երևույթը Թուրքիայի խորհրդարանի նման որոշում կայացնելն է և դրա հավանականությունից շատ հեռու ենք: Ընդհակառակը, այդ հավանականությունը պարտադրելով՝ մենք երկխոսության լծակները կկորցնենք։ Մեզ համար երկխոսությունն ավելի էական է, քան թե պարտադրանքով այդ խոստովանությունն ստանալը»,- ընդգծել է Էստուկյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի հասարակությունը շատ ավելի ողջամիտ էր Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում, բայց Թուրքիան համապատասխան արձագանք չկարողացավ տալ, քանի որ ինչպես ավանդաբար, այսօր էլ փորձում է առավելապաշտական ռազմավարություն վարել և մերժում է Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատել։
Նա նաև կոչ է արել չկատարել Թուրքիայի բոլոր պահանջները՝ ընդգծելով, որ Անկարան և Բաքուն առավելապաշտաական քաղաքականություն են վարում և ցանկանում են «ավելի շատ խլել Հայաստանից»։ Էստուկյանը նշել է, որ մոտ ապագայում չի ակնկալում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Թուրքիայի հայ համայնքը վերաբերում Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Էստուկյանն ասել է, որ «տեղացի հայ համայնքը շատ ուրախ կլինի, երբ երկու երկրների հարաբերությունները բնականոն լինեն, ցամաքային ճանապարհով կարողանան այցելել Հայաստան»։
«Հայաստանն ամբողջ հայության համար ձգողականության ուժ ունի, բոլորիս համար հայրենիք է: Այստեղ սպասում են այդ հարաբերությունների կարգավորմանը. մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, և Հայաստանը մեր հոգու հայրենիքն է։ Մենք բարեկամությունը պետք է ողջունենք»,- ասել է նա։
«Ակօս»-ի խմբագիրը ապագայում հավանական է համարել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ իշխանությունները պետք է աշխատեն այդ ուղղությամբ։ Միաժամանակ Էստուկյանը նշել է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները «սիրում են թշնամությունը սրել», և այս պայմաններում Հայաստանի և Թուրքիայի միջև բարեկամությունը դժվար թե հնարավոր լինի։
Նրա խոսքով՝ թուրք ժողովրդի մեջ հայերի նկատմամբ թշնամանք կա, սակայն դա սրսկվել է երկրի իշխանությունների կողմից։ Նա ընդգծել է, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չի ազդել այդ հարաբերությունների վրա։
«Թուրքիայի պետական միտքը գիտի, որ հայ համայնքը Թուրքիայի քաղաքացիներ են, բայց համայնքի նկատմամբ ճնշում չկա, առօրյա կյանքի մեջ լուրջ խնդիրներ չկան: Ճնշումներ միգուցե կան, բայց մեր անձնական, անհատական կյանքի վրա ազդող ճնշումներ չեն»,- ասել է նա։