Ռազմական դրություն սահմանելու մասին կառավարության որոշման մեջ այսօր արվել են փոփոխություններ։ Որոշումը լրացվել է նոր կետերով, որոնցում նշվում է․
Ըստ որոշման՝
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
- Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:
- Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք:
Ըստ որոշման՝ ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղություների, մարտական տեխնիկայի շարժի, զինված ուժերի և այլ զորքերի, մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի), մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով պետք է կատարվեն բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը:
Որոշումը ուժի մեջ է մտել անմիջապես։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։