Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Փաստաբանը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանը գտնվել է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում և լուսադեմին մահացել է։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: 2018 թվականի հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր, ապա հունիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:
Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը հունվարի 15-ին դատարանի որոշմամբ փոխարինվել է երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ: