Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը պահանջում է իշխանության հրաժարականը։ Մարզում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ քաղաքապետն ասաց, որ իշխանությունն ի վիճակի չէ իրենց անվտանգությունն ապահովել։
«Անզոր իշխանություն է, սա իմպոտենտ իշխանություն է, որևէ մեկը կոմպետենտ չէ, որ գնա ռուսի հետ բանակցի, գոնե մի ստորակետ հօգուտ մեզ անի։ Կարծես՝ միտումնավոր արված լինի»,- հավելեց Փարամազյանը։
Նրա խոսքով՝ սա Սյունիքի ինքնապաշտպանության հարց չի, այլ՝ փրկության և գոյության խնդիր։
«Երկրի ղեկավարության մակարդակով իջեցված հրամանով մարդիկ գալիս, ասում են՝ ցավալի է, բայց ժողովուրդ ջան, պիտի դուրս գաք, իսկ եթե՝ չէ, մենք ձեռքներս ձեզնից լվանում ենք»,- նշեց Մանվել Փարամազյանը։
Քաջարանցիները նոր իշխանություններ են պահանջում՝ կարող են հարցին լուծում տալ։
Հիշեցնենք, որ վաղը մինչև 17.00-ն Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն:
Հիշեցնենք նաև, որ այսօր Կապանի և հարակից համայնքների բնակիչների բողոքի ակցիա են անցկացրել։
Սյունիքի մարզի բնակիչները իշխանություններից անվտանգության երաշխիքներ են պահանջում։
Հիշեցնենք նաև, որ Եռակողմ հայտարարությունից հետ ՀՀ և Ադրբեջանի սահմանները հստակեցված չեն։