Ազատամարտիկների մի շարք հասարակական կազմակերպություններ վաղը` ժամը 11։00-ին, հավաքվելու են Եռաբլուրում՝ եկեղեցու հարևանությամբ, որպեսզի թույլ չտան վարչապետ Փաշինյանի մուտքը պանթեոնի տարածք։ Այս մասին նշվում է այդ կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ։
«Եռաբլուրը մեր զոհված հայորդիների ընտանիքների և մեզ համար սրբավայր է, ուր մենք այցելում ենք արդեն 30 տարի՝ ամեն շաբաթ, ամեն օր»,-նշում են ազատամարտիկները։
Ըստ նրանց տեղեկությունների՝ վարչապետը մարզերից ավտոբուսներով մարդ է հավաքում։
«Դավաճան, երկիր ծախած, զինվորի և կամավորականի արյունը պղծած, հազարավոր զոհերի դիակները մինչև հիմա մարտի դաշտում, գերիներին թշնամու ճիրաններում թողած սրբապիղծը իրավունք չունի մտնելու սրբավայր։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին` արգելել այդ դավաճանի մուտքը Եռաբլուր։ Գնացե՛ք Եռաբլուր առանց նրա»,-նշել են ազատամարտիկները՝ հավելելով, որ վաղը` ժամը 11։00-ին, հավաքվելու են Եռաբլուրում՝ եկեղեցու հարևանությամբ։
Հայտարարությանը միացել են ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբը, «Կամավորական շարժում» ՀԲԿ-ն, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն, «Ազատամարտիկ» ՌՀԿ-ն, «Ֆիդայիներ» ՌՀԿ-ն։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարել էր, որ դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40 օրը, և այդ կապակցությամբ Հայաստանում կհայտարարվի եռօրյա սուգ: Ի հիշատակ զոհվածների՝ նա հայտարարել է սգո երթ՝ Հանրապետության հրապարակից մինչեւ «Եռաբլուր» պանթեոն, որը նախատեսված է շաբաթ օրը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին: