«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 17-ին՝ ժամը 20-ին, համապետական հանրահավաք ու երթ է անելու Հանրապետության հրապարակում։ Այս մասին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ համապետական հանրահավաքը հատուկ նպատակով են անցկացնում։
«Պարտված ուժը, որն արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրություններում, ուզում է ոստիկանության մահակների տակ ընկնել, որպեսզի հետո ստվեր քցի ընտրությունների լեգիտիմության վրա: Մենք այս հաշվարկը հաշվի առնելով՝ այդ հնարավորությունը նրանց չենք տա»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ քարոզարշավի վերջին օրը՝ հունիսի 18-ին, ուղիղ զրույց կունենա ՀՀ քաղաքացու հետ։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում պետք է հանրահավաք անցկացներ, այդ օրը նույն վայրում նախատեսված է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը։