Հուլիսի 1-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի նախագահությամբ տեղի ունեցավ հանձնաժողովի արտահերթ նիստ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի ներկայացմամբ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` առաջարկվող փոփոխությունները կապահովեն և՛ տնտեսվարող սուբյեկտների, և՛ քաղաքացիների իրավունքները ինքնակամ կառույցների օրինականացման հարցում: Միաժամանակ համայնքին իրավունք կտրվի ապամոնտաժելու ինքնակամ կառույցները` առանց վարչական վարույթ իրականացնելու: Նախատեսվում է նաև, որ ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերն ամբողջությամբ կրելու է կառուցապատողը` անկախ նրանից, թե ով է այդ աշխատանքները կատարել: Նախագծով լուծվում է նաև ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի պետական գրանցման հարցը:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, նշեց, որ գաղափարի դեմ գործադիրն առարկություն չունի: Սակայն, ըստ նրա, նախագիծը ներկայացված տեսքով ընդունվելու դեպքում կիրառման փուլում կառաջացնի խնդիրներ: Արման Պետրոսյանն ընդգծեց, որ Կառավարությունը նախատեսում է խնդիրը կարգավորել ավելի ամբողջական և առաջիկայում հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ:
Քվեարկության արդունքում լրամշակված օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն: