83 պետությունների ղեկավարներ կմասնակցեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա հանդիպումներին: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին ամփոփիչ ասուլիսում սեպտեմբերի 10-ին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլկան Բոզկիրը:
«Մինչ օրս անձամբ մասնակցելու մտադրության մասին հայտարարել են 83 պետությունների ղեկավարներ, 26 առաջնորդներ դիմել են ձայնագրություններով ելույթների համար»,- ասել է Բոզկիրը՝ նշելով, որ ակնկալվում է նաև մեկ փոխնախագահի անձնական ներկայությունը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա միջոցառումներին անձամբ կմասնակցեն 43 կառավարությունների ղեկավարներ և երեք տեղակալներ, 12 կառավարությունների ղեկավարներ կտրամադրեն ձայնագրված ելույթներ, անձամբ ելույթ կունենան 23 երկրների արտաքին գործերի ղեկավարներ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը բացվում է սեպտեմբերի 14-ին կազմակերպության կենտրոնակայանում՝ Նյու Յորքում: Բարձր մակարդակի հանդիպումների շաբաթը կտևի սեպտեմբերի 21-27-ը:
Ըստ նախնական ծրագրի՝ 76-րդ նստաշրջանում ծրագրում են ելույթ ունենալ մի քանի երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Վենեսուելայի, Ղրղզստանի, Լիբանանի, Մոլդովայի, Պաղեստին պետության, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Էստոնիայի նախագահները: Սպասվում է նաև, որ ելույթ կունենան Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Հայիթիի, Վրաստանի, Իսրայելի, Իտալիայի, Կանադայի, Պակիստանի և Ճապոնիայի կառավարությունների ղեկավարները: