Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է երկրի քաղաքացիներին գալիք Ամանորի կապակցությամբ՝ կիսվելով երգչուհի Սոֆո Նիժարաձեի հետ իր ընդհանուր դստեր լուսանկարներով։
Մեկուկես տարեկան Էլիս-Մարիա Սաակաշվիլին առաջին անգամ ցուցադրվել է հանրությանը։ Նա մոր հետ մասնակցել է տոնական համերգի ձայնագրությանը, որը կցուցադրվի Ամանորի գիշերը Mtavari հեռուստաալիքի եթերում։
«Իմ սիրելի աղջիկը, իմ ամենափոքր երեխան. Ես ուրախ եմ, որ ունեմ նման հնարավորություն, և իմ Նոր տարին տարբերվում է մյուսներից ոչ թե բանտի պատերով, այլ իմ սիրելի աղջկա հեռուստատեսային դեբյուտով»,-ասել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ամանորին Սահակաշվիլին Վրաստանի քաղաքացիներին մաղթել է, որ անցյալում թողնեն «այն, ինչը քանդում է երկիրը ներսից և դրսից»՝ թշնամանք, տարաձայնություն, առճակատում։ Նա վստահություն է հայտնել, որ 2022 թվականին կկարողանան «փոխել ամեն ինչ, որպեսզի մեր երեխաներն ավելի երջանիկ դառնան»։
Սոֆո Նիժարաձեն դուստր է լույս աշխարհ բերել 2020 թվականի հունիսին։ Երգչուհին երեխայի հետ ապրում էր ԱՄՆ-ում, սակայն Վրաստան վերադարձավ հոկտեմբերին՝ Սաակաշվիլիի ձերբակալությունից անմիջապես հետո։
Սաակաշվիլին ունի նաև երկու որդի իր առաջին կնոջից՝ Սանդրա Ռուլովսից՝ Նիկոլոզը և Էդուարդը։ Վրաստանի երրորդ նախագահի և նախկին առաջին տիկնոջ ամուսնալուծության մասին հայտնի դարձավ մի քանի ամիս առաջ։ Այնուհետ Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Լիզա Յասկոյի հետ ընտանիք ստեղծելու մասին։