Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվի առնելով 2022 թվականի հունվարի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» թիվ 1-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «2022 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» որոշումները՝ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների անցկացման օր է նշանակել 2022 թվականի մարտի 27-ը:
Նույն նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արմեն Սուրենի Մանուկյանին։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Նշենք, որ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ Գարիկ Սարգսյանը։
Նկատենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն այստեղ ուշագրավ զարգացումներ ունեցան։
Հիշեցնենք, որ Վեդիում տեղի ունեցան ավագանու ընտրություններում Գարիկ Սարգսյանը գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Ընտրություններում ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 43,06 %: «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 38,21 %, իսկ «Հանրապետությունը»՝ 16,39%: ՔՊ-ի ու «Հանրապետության» բոլոր թեկնածուները դեկտեմբերի 16-ին ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել։ Համայնքում իշխանություն ձևավորել չի հաջողվել։
Հավելենք, որ ավելի վաղ թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Վեդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ցուցակների բոլոր թեկնածուների գրանցումը:
Իսկ հունվարի 4-ին կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Վեդի համայնքի ավագանու լիազորությունները։