Այսօր տեղի է ունեցել Փարաքարի ավագանու նիստը, որի օրակարգում էր Փարաքար համայնքի ղեկավարի երդմնակալությունը: Այս մասին հայտնել է համայնքի նորընտիր ղեկավար Դավիթ Մինասյանը։
«Այսպիսով, երդմնակալության արարողությամբ ստանձնեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները՝
պարտավորվելով պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը,
ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։
Իմ խորհին շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր քաղաքական թիմին, և իհարկե մեր գործընկերներին՝ ՔՊԿ խմբակցության ավագանու անդամներին, ի դեմս Լյուդվիգ Գյուլնազարյանի, իրենց աջակցության և վստահության համար: Եվ ուրեմն՝ միասին շարունակում ենք համաչափ զարգացնել և շենացնել մեր բոլորիս Փարաքար համայքը»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Փարաքարի «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանն օրեր առաջ ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 11 անդամ։ Հայտարարվեց, որ առաջիկա 5 տարիներին նա կիսելու է համայնքի կառավարումը, ինչը նշանակում է, որ 2,5 տարի կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Վերջինս ՔՊ-ի թեկնածուն էր:
Հիշեցնենք նաև, որ շուրջ 2 շաբաթ տևած գործընթացներից հետո «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները։