Ես ինձ ազատ եմ զգում որպես ԿԳՄՍ նախարար, մենք որևէ խնդիր չունեք կառավարության ու վարչապետի հետ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Նա այս մասին ասել է՝ անդրադառնալով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ԱԺ նիստից մինչև ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին նույն հարցն էր տալիս՝ ե՞րբ եք հրաժարական տալու։ Բանն այն է, որ Քերոբյանը նախորդ տարի խոստացել էր երկնիշ տնտեսական աճ, ասել էր՝ չապահովելու պարագայում հրաժարական կտա։ Հիմա պարզաբանում է, թե կատակ է արել։ Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց, որ Վահան Քերոբյանին ինքն է արգելել հրաժարական տալ, և ինքը կորոշի՝ ինչքան աշխատել, ինչքան՝ ոչ։