44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ։ Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար: Հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված վանդալիզմի դեպքերը, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից օրեր առաջ հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունը խեղաթյուրելուն ուղղված աշխատանքային խմբի ստեղծման ազդարարումը փաստում են, որ նման վտանգն առավել քան իրական է։
Երևան և Բաքու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցելության առաջարկը դիտարկում ենք բացառապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված վերոնշյալ առաքելության շրջանակում։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակոնֆերանսի ընթացքում պայմանավորվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունները երկու երկրներ ուղարկել:
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն Ադրբեջան և Հայաստան ուղարկելու մասին»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը: