Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 23-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից:
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի ընդունած «Շուշիի հռչակագիրը»: Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է։
Հավելենք, որ նախագծով առաջարկվում է գնահատական տալ հռչակագրին, որովհետև այն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի և Արցախի դեմ: Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ոչ պաշտոնապես մասնակցեց կռվին, հիմա ցանկացած սադրանքի դեպքում կարող են հանգիստ միջամտել, որովհետև արդեն ռազմաքաղաքական դաշինք ունեն։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր խոր մտահոգությունն է հայտնում օկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի՝ Ադրբեջանի ւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացման կապակցությամբ: Այդ հռչակագրով կնքվել է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում:
Ազգային ժողովը հայտարարում է՝ Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար: Այն լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով»,- ասված է նախագծում։
Հռչակագիրը նաև ցույց է տալիս այդ երկրների ծավալապաշտական նկրտումները «Զանգեզուրի միջանցքի» հանդեպ, Հայոց ցեղասպանության հարցն էլ դուրս է գալու Հայաստանի արտաքին քաղաքականությունից և դառնալու է բացառապես պատմաբանների քննարկումների թեմա:
Հիշեցնենք, որ «Շուշիի հռչակագիրը» Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ստորագրել են 2021 թվականի հունիսի 15-ին, օրեր առաջ էլ հռչակագիրը վավերացրել էին այս երկու երկրների խորհրդարանները: