ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի միանա «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, թե ՀՀ կառավարությունն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«ԱԳՆ-ն արդեն երկու անգամ դատապարտել է այս համաձայնագիրը։ ՔՊ-ն ու ԱԳՆ-ը գործում են ընդհանուր դաշտում։ Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը։ Գործընթացը որևէ կերպ չվիժեցնելու համար ՀՀ-ն վարում է համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնվում համապատասխան ռիսկերը»,- ասաց իշխող ուժի պատգամավորը և շեշտեց՝ իրականացնում են այն քաղաքականությունը, որը նպատակահարմար են գտնում խաղաղության հաստատման համար։
Նշենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ արտահերթ նիստում քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը:
Հավելենք, որ «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի ընդունած «Շուշիի հռչակագիրը»:
Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է։ Նախագծով առաջարկվում է գնահատական տալ հռչակագրին, որովհետև այն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի և Արցախի դեմ: Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ոչ պաշտոնապես մասնակցեց կռվին, հիմա ցանկացած սադրանքի դեպքում կարող են հանգիստ միջամտել, որովհետև արդեն ռազմաքաղաքական դաշինք ունեն։ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր խոր մտահոգությունն է հայտնում օկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի՝ Ադրբեջանի ւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացման կապակցությամբ: Այդ հռչակագրով կնքվել է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում: Ազգային ժողովը հայտարարում է՝ Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար: Այն լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով»,- ասված է նախագծում։
Հռչակագիրը նաև ցույց է տալիս այդ երկրների ծավալապաշտական նկրտումները «Զանգեզուրի միջանցքի» հանդեպ, Հայոց ցեղասպանության հարցն էլ դուրս է գալու Հայաստանի արտաքին քաղաքականությունից և դառնալու է բացառապես պատմաբանների քննարկումների թեմա: