Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունից պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման մասին որոշման նախագիծը:
Համապատասխան որոշման նախագիծը գրանցվել է Ուկրաինայի խորհրդարանի կայքում երեքշաբթի օրը, հաղորդում է РИА новости-ն։
«Ուկրաինան պետք է դադարեցնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այսօր համապատասխան որոշում է կայացվել Գերագույն Ռադայում: ՌԴ-ն տարեցտարի միայն խորացնում է ագրեսիան Ուկրաինայի դեմ. սկզբում Պուտինը օկուպացրել է Ղրիմը, հետո պատերազմ է սկսել Դոնբասում: Իսկ հիմա շարունակում է ճնշում գործադրել՝ ճանաչելով այսպես կոչված ԼԺՀ/ԴԺՀ- ին՝ անկախ: Երեկվա Պուտինի խոստովանությամբ, ըստ էության, ինքն է դադարեցրել դիվանագիտական հարաբերությունները մեզ հետ», – գրել է Գոնչարենկոն Telegram-ում: Նա առաջարկել է շտապ քննարկել այդ որոշումը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը դիտարկում է ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու մասին: Այդ հանրապետությունների ղեկավարների հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրեր, որոնք արդեն վավերացվել են Պետդումայում և ԴԺՀ / ԼԺՀ խորհրդարանների կողմից: