Ուկրաինայում ռեժիմի փոփոխությունն ուկրաինական ժողովրդի ընտրության հարց է: Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«ՌԴ նախագահը մատնանշել է մեր երկու նպատակների՝ Ուկրաինայի ապառազմականացման ու ապամիջուկայնացման մասին: Ըստ էության, և՛ մեկը, և՛ մյուսը վտանգ են ներկայացնում մեր պետության և մեր ժողովրդի համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ նպատակ ունեն ազատագրել Ուկրաինան նացիստներից: Պեսկովը չի պարզաբանել՝ արդյոք վերջին բնութագիրը վերաբերում է Ուկրիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի օկուպացիայի մասին խոսք չի գնում, այդ բառն այստեղ կիրառելի չէ։ Ապառազմականացումը ենթադրում Է Կիևի ռազմական ներուժի չեզոքացում:
Մամուլի քարտուղարը նշել է, որ այսօր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները Մոսկվային պարտավորեցնում են զգոնության և զգուշավորության բարձր մակարդակ ցուցաբերել: Նա հավելել է, որ Դոնբասում Ռուսաստանի գործողությունները թելադրված են ՌԴ ազգային շահերով և երկրի ապագայի նկատմամբ հոգատարությամբ: Նա հայտնել է, որ հատուկ ռազմական գործողության ժամկետները կախված են դրա արդյունավետությունից և նպատակահարմարությունից:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը: Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու մեջ և ռազմական դրություն Է մտցրել երկրի ամբողջ տարածքում: