ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ուրբաթ օրը արտահերթ նիստ է անցկացրել՝ կապված Եվրոպայում անվտանգության իրավիճակի լուրջ սրման հետ, հայտնում է կազմակերպության կայքը։
Որոշում է կայացվել ՈՒԵՖԱ-ի տղամարդկանց Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Սեն Դենի «Ստադ դե Ֆրանս»։ Խաղը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 28-ին՝ ժամը 21:00-ին:
«ՈւԵՖԱ-ն ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ աննախադեպ ճգնաժամի պայմաններում եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր խաղը Ֆրանսիա բերելու իր անձնական աջակցության և հանձնառության համար։ Ֆրանսիայի կառավարության հետ միասին ՈՒԵՖԱ-ն լիովին կաջակցի բազմաթիվ շահագրգիռ կողմերի ջանքերին՝ ապահովելու ֆուտբոլիստների և նրանց ընտանիքների անվտանգությունը Ուկրաինայում, ովքեր բախվում են սարսափելի մարդկային տառապանքի, ավերածությունների և տեղահանությունների: Այսօրվա նիստում ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն նաև որոշեց, որ ՈՒԵՖԱ-ի մրցումներին մասնակցող ռուսական և ուկրաինական ակումբներից և ազգային թիմերից կպահանջվի իրենց տնային հանդիպումներն անցկացնել չեզոք մարզադաշտերում մինչև հետագա ծանուցումը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։
Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։