Բոլոր մեր այն հայրենակիցները, ովքեր ցանկանում են լքել Ուկրաինայի տարածքը, այդ երկրում Հայաստանի դեսպանությունն ամեն մեկին անհատական մոտեցում է ցույց տալիս։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը։
Պատգամավորը կապի մեջ է Ուկրաինայում ՀՀ դեսպանի հետ և նշում է, որ այս պահին հայերին տարհանման հարց դրված չէ։
«Ովքեր ցանկանում են լքել Ուկրաինայի տարածքը, նրանց դեսպանատունը ճանապարհը ցույց է տալիս, ինչպես նաև հնարավոր բոլոր աջակցությունները ցուցաբերվում է։ Դեսպանությունը շատ ինտենսիվ զբաղվում է Ուկրաինայում հայերի հետ կապված հարցերով, փորձում է կապվել նրանց հետ, եթե կան խնդիրներ՝ լուծում տալ դրանց»,- մանրամասնեց Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավարը։
Հրաչյա Հակոբյանի տեղեկացմամբ՝ Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։
Իշխանական պատգամավորը դեռ չի շտապում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատական տալ։ Նա ընդգծում է՝ պատերազմական իրավիճակ է, մարտերը շարունակվում են և պետք է մտածել մեր հայրենակիցների անվտանգության ապահովման մասին։
Հրաչյա Հակոբյանը ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների, դրա մեր տարածաշրջանում հնարավոր զարգացումների մասին խոսելը դեռ վաղ է համարում։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Վ. Պուտինը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը: