Երբ ստանձնել եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջը չի եղել առհասարակ. ինձանից առաջ պաշտոնավարած Մարդու իրավունքների պաշտպանն ամբողջությամբ փակել էր բոլոր էջերը կամ «տարել» իր հետ: Այս մասին հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Քանի որ ինքս կարևորում եմ կոնկրետ գործ անելն ու նման մանր հարցերի ուշադրություն չեմ դարձնում, առանց որևէ ձայն անգամ բարձրացնելու կամ անգամ որևէ մեկի այդ մասին ասելու, բացել ենք նոր էջ, որը հետագայում զարգացվել է բացառապես իմ անձնական միջոցներով:
Քանի որ իմ պաշտոնավարման մինչև վերջին րոպեները ողջ աշխատակազմով եղել ենք գերծանրաբեռնված կոնկրետ գործերով, նման հարցերով զբաղվելու ժամանակ ընդհանրապես չենք ունեցել:
Ինքս Ֆեյսբուքի տեխնիկական լուծումներին կամ հարցերին չեմ տիրապետում: Դրանից բացի՝ քանի որ էջը մի քանի ադմին է ունեցել թյուրիմացաբար էջում կատարվել են փոփոխություններ, որոնք լրացուցիչ մի քանի ժամանակատար խնդիր էին առաջ բերել: Բացի այդ, խնդիր էր առաջացել իմ ինստագրամյան անձնական էջը Ֆեյսբուքից առանձնացելու հարցում:
Այս ամենի մասին տեղեկացրել էի նաև Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին: Ինչևէ, մենք երկուսով այս փոքր հարցը քննարկել ու վաղուց ամուր փակել ենք:
Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է. մի քանի օր է, ինչ Վարչապետի աշխատակազմով, Հանրային հեռուստաընկերությունով, կառավարող կուսակցությունով լծվել են այս էժան թեմայի զարգացմանը:
Բայց դա էլ հատուկ անում են այնպես, որ մտադրված վնաս են տալիս Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը քաղաքական շահերի համար:
Բավական չէ՞ դուք Ֆեյսբուքում ապրեք:
Բա գործ արեք, թե՞ չի ստացվում գործ անելն ու վիրտուալ իրականությունը կոմֆորտ է. գործի պատասխանատվությունից հեռու է պահում:
Ֆեյսբուքով երկիր կառավարելով` աղետի առաջ եք կանգնեցրել մի ողջ ժողովրդի, իրական վտանգի տակ եք դրել մեր պետականությունն ու անվտանգությունը:
Գնալով ավելի եմ համոզվում, որ մեր պետությունում պատասխանատու պաշտոններ որոշ զբաղեցնողների կյանքի առաքելությունը ոչ թե Հայրենիքի պաշտպանությունն է ու պետության անվտանգությունը, սահմանային բնակավայրերում, գյուղերում ապրող մարդկանց վիճակը, այլ ֆեյսբուքի էջերն ու լայքերը և վիրտուալ կոմֆորտ իրականությունը:
Որպեսզի երկրի գործադիր իշխանության ղեկավարի աշխատակազմում հանգիստ լինեն՝ տեղեկացնում եմ, որ հենց փետրվարի 24-ին են փոխանցվել Թվիթերի պաշտոնական էջը, ֆեյսբուքյան խմբերը, կփոխանցվի նաև Ֆեյսբուքի գլխավոր պաշտոնական էջը:
Ամենակարևորը. հեռու տարեք ձեր ձեռքերը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունից: Սա պայքարով կայացած կառույց է, չփորձեք այն ծառայեցնել ձեր քաղաքական նպատակներին»,- գրել է Արման Թաթոյանը: