Ամերիկյան «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը խոսել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ արևմտյան երկրների դիրքորոշումների մասին։
Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արևմուտքի դիրքորոշումը Ուկրաինայի և Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ տարբեր է, ինչը, երգչի կարծիքով, կեղծավորություն է։
«Ի՞նչ արեց Արևմուտքը, երբ Թուրքիան ներխուժեց Կիպրոս, Սիրիա և Արցախ։ 2020 թվականին Թուրքիան միացավ Ադրբեջանին Արցախի խաղաղ բնակչության վրա հարձակման ժամանակ, որտեղ հայերը բնակվել են հնագույն ժամանակներից։ Սա ավարտվեց հումանիտար ծանր ճգնաժամով և հայերի տեղահանությամբ իրենց պատմական հայրենիքից։ Ղարաբաղի տարածքների մեծ մասը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, իսկ այնտեղ և Հայաստանում ապրող հայերը մշտապես ենթարկվում են Բաքվի հարձակումներին»,- գրել է երգիչը։
Թանկյանը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղը ստանալ առանց հայերի, և մտադիր չէ խաղաղ բանակցություններ վարել ԼՂ կարգավիճակի համար։
Նա նաև հիշեցրել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը և նշել, որ թուրքական իշխանությունները միշտ փորձել են ժխտել ցեղասպանության փաստը։
«Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան մի քայլ առաջ գնաց և հայերին սպառնաց նոր ցեղասպանությունով։ Վերջին ամիսներին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու փորձերը կարող են դրդված լինել Արևմուտքից՝ արդարացնելու իր լռությունը 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ»,- ընդգծել է երգիչը։
Թանկյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանին ժամանակ է պետք բանակը, պետական ինստիտուտները և տնտեսությունը վերականգնելու համար, և առանց պատերազմի Հայաստանը շատ ավելի ուժեղ կլինի մոտ ապագայում։
«Այդ իսկ պատճառով Հայաստանի համար կարևոր է ժամանակ շահել իր դաժան, իսկ Ադրբեջանի դեպքում՝ ֆաշիստ և ռասիստ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- գրել է Թանկյանը՝ հավելելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու դեպքում անհրաժեշտ կլինեն օրենսդրական միջոցներ՝ ապահովելու տնտեսության և ազգային անվտանգության պաշտպանությունը։
«Անպատկերացնելի է, որ մենք խոսում ենք 18 ամիս առաջ մեզ վրա հարձակված ցեղասպան հարևանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, բայց աշխարհաքաղաքական իրականությունը այս պահին Հայաստանի խաղաղությունն է պահանջում»,- եզրափակել է նա։