Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք Արմեն Սարգսյանի Facebook-ի էջից։ Շնորհավորական ուղերձում ասված է․
«Հարգելի պարոն Խաչատուրյան,
Շնորհավորում եմ Հանրապետության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ:
Հանրապետության նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ առկա են հրատապ լուծում պահանջող բազում ներքին և արտաքին խնդիրներ:
Շնորհավորանքիս հետ մեկտեղ՝ Ձեզ մաղթում եմ առողջություն, որը կարևորագույն նախապայմաններից մեկն է, որպեսզի կարողանաք հաջողությամբ և հաստատակամությամբ պաշտպանել և առաջ մղել մեր երկրի շահերը, արժանապատվորեն ծառայել հայոց պետությանն ու ժողովրդին:
Կարևորելով հայրենիքի և ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագան՝ պատրաստ եմ աջակցել Ձեզ՝ իմ հնարավորությունները, փորձը, կապերը, ներուժը ծառայեցնել ի նպաստ ուժեղ և կայուն պետականության։
Հաջողություն և ամենայն բարիք Ձեզ»:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։
Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ իր հրաժարականի տեքստում նշելով համազգային ճգնաժամի մասին։ Արմեն Սարգսյանը շեշտել է նաև, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։