ՀՀ զինված ուժերը պետք է հնարավորինս արագ վերականգնվեն։ Այս մասին մարտի 5-ին Եռաբլուրում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնոր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին։
«Մենք պետք է հպարտանանք մեր բանակով, որը հզոր դիմադրություն ցույց տվեց թշնամու տանդեմին՝ ողջ աշխարհի կատարյալ անտարբերության և ներքին դավաճանության պայմաններում»,- ասաց քաղաքական գործիչը և հավելեց, որ
եթե սպարապետ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, մեր երկիրն այսօր նման վիճակում չէր լինի՝ ժողովուրդը կիսված չէր լինի, Շուշին ու Հադրութը մերը կմնային։
«Մեզ մնում է հետ բերել Վազգեն Սարգսյանի երազած, կերտած հայրենիքը»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա ցավով հայտարարեց, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության իրական կազմակերպիչները դեռ բացահայտված չեն։ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ ապագա իշխանությունը կբացահայտի այս հանցագործությունը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 63 տարեկան։