«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանը խոստանում է հետաքրքիր եւ երկարատեւ լինել: Բանն այն է, որ խորհրդարանում պետք է քննարկվի կառավարության 2021 թվականի կատարողականը, ընդ որում՝ դա պետք է արվի ոլորտ առ ոլորտ, ինչպես այժմ քննարկվում է մշտական հանձնաժողովներում: Դա ենթադրում է, որ կառավարության անդամները պետք է ներկայանան, ներկայացնեն իրենց կատարողականը եւ պատասխանեն պատգամավորների հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն նախարարներին զգուշացված է՝ ինչ հանդիպումներ եւ քննարկումներ են առկա, կազմակերպել այնպես, որ կարողանան ներկա գտնվել այդ օրերին եւ չարժանանան ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը։ Ավելին՝ մենք տեղեկացանք, որ առաջին օրն անձամբ կներկայանա եւ զեկույցով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա կպատասխանի նաեւ պատգամավորների հարցերին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային թեմաները կապված են իշխանությունների սիրելի հարցերի՝ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացների հետ։ Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԳՆ-ում խոսակցություններ կան, որ մինչև ապրիլ ձևավորվելու է հայ-ադրբեջանական պայմանագրի հետ կապված փորձագիտական աշխատանքային խումբ։ Զուգահեռաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, լավ իմանալով սեփական «կադրերին»՝ նորանոր «լյապերից» խուսափելու նպատակով քաղաքական որոշում է կայացվել, որ վերը նշված թեմաների հետ կապված պետք է խոսեն բացառապես թեմային քիչ թե շատ տեղյակ անձինք։ Այսպիսով, իշխանությունները խստագույնս արգելել են հատկապես իրենց պատգամավորներին որևէ մեկնաբանություն և կարծիք հայտնել «հայ-թուրքական» և «հայադրբեջանական» գործընթացների վերաբերյալ։ Նշյալ թեմաներով արտահայտվելու իրավունք են ստացել ընդամենը 2-3 պատգամավոր։ Մնացածներին ասված է՝ քիթներդ չմտցնեք այսպիսի «նուրբ» հարցերի մեջ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գեւորգյանի գույքը եւս կալանքի տակ է, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աμրահամյանի՝ Մոնումենտի դղյակը: Նա եւս սեփականության իրավունքի խախտումը վերացնելու նպատակով դիմել է դատարան: Դատարանը բավարարել է Գեւորգյանի հայցը եւ քննիչին պարտավորեցրել վերացնել Գեւորգյանի իրավունքների խախտումները:
Ստացվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նույն ջանասիրությամբ, ինչպես Հովիկ Աμրահամյանի առանձնատան դեպքում է արել, պետք է Գեւորգյանի գույքը եւս կալանքից հաներ, սակայն մինչ օրս չի արել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե` հասկանալու համար, թե ինչու նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի գործով գույքի նկատմամբ արգելանքը չեն հանել, եթե Առաջին ատյանի դատարանը նման որոշում է կայացրել, Վերաքննիչն էլ դատախազության բողոքը մերժել է, իսկ Հովիկ Աμրահամյանի տան մասով կողմնակալություն է արվել: Ի պատասխան Կոմիտեից հայտնեցին. «Գործը նախաքննության փուլում է, եւ այս պահին նպատակահարմար չեն համարում այդ մասին տեղեկատվություն տալ»:
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։