Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը, տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը։
«Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, և մենք որևէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Ռազմավարությունը հենց դրանով է ռազմավարություն, որ մեզ պետք է առաջնորդի բոլոր իրավիճակներում:
Տեղյակ եք, անշուշտ, որ գազատարի առաջին պայթյունից հետո՝ մարտի 10-ին, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման 5 կետանոց առաջարկ: Մենք շատ արագ՝ մարտի 14-ին, գրավոր արձագանքել ենք այդ առաջարկներին և դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրներին և խնդրել ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ կազմակերպելու հարցում»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 2022 թվականի մարտի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարը բարձրաձայնեց Հայաստանի ընդհանրական գնահատականը Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին, իսկ այդ գնահատականը հետևյալն է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը, և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»:
Մանրամասները՝ տեսանյութում։