Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներն արագացնելու անհրաժեշտության մասին։ Այդ համատեքստում նա հիշեցրել է հայկական կողմի հայելային հետքաշման վերաբերյալ առաջարկի մասին՝ շեշտելով, որ բացի ամբողջական հետքաշումից՝ Հայաստանը հանդես է եկել նաև տեղային հետքաշումների առաջարկներով ու սպասում է Ադրբեջանի արձագանքին։
«Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասել է Փաշինյանը։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը՝ նշելով, որ այս առումով մի շարք վտանգներ կան։
«Նախ՝ պետք է ճշտել, թե Փաշինյանի ընկալմամբ ինչ է նշանակում «մի քանի դիրք»։ Չի բացառվում, որ այդ մի քանի դիրք ասվածը բարձունքներ են, նաև միջպետական ճանապարհ։ Սովորաբար, եթե Երասխի հետ է կապված, ապա, կարծում եմ, որ տեղային հետքաշումն առաջին հերթին առնչվում է Տիգրանաշենին և Սադարակի այն մասին, որտեղ Երասխի սկզիբն է և որտեղ 1989-90 թվականներին դիրքային մարտեր են եղել։ Մի քանի դիրք ասվածը երկուսից ավելին է։ Այս դեպքում կարող է 10 դիրք կամ տասը բարձունք ես տալիս, իսկ ադրբեջանցիները երկուսն են տալիս։ Փաշինյանը շատ անորոշ հայտարարություն է արել, և իր մանիպուլյացիան հենց անորոշութան մեջ է, հստակեցում չկա։ Միևնույն ժամանակ չեմ բացառում, որ այստեղ խոսքը Տիգրանաշենի՝ ադրբեջանական անվանումով Քյարքի գյուղի մասին է։ Եթե այդ գյուղն է, ապա ոչ թե դիրք, այլ գյուղ է հանձնում։ Մի ամբողջ գյուղ, որը վերահսկում է Երևանը Սյունիքին կապող մայրուղին»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով նաև նշվածից բխող հնարավոր խնդիրների մասին։
Այդ համատեքստում ընդգծեց, որ այդ դեպքում Երևանից դեպի Սյունիք գնացող միջպետական նոր ճանապարհ պետք է կառուցվի, ինչը լրացուցիչ ծախսեր է պահանջելու։
«Մի քանի դիրք ասելով չէ, փակագծերը պետք է բացի, թող ասի, որ գյուղ չի հանձնում։ Հիմա ադրբեջանցիները սկզբունքորեն կարող են մի քանի դիրք զիջել։ Խոսքը մեր տարածքի մասին է, որտեղ եկել ու նստել են։ Ադրբեջանցիները կարող է հեռանան մեր տարածքում գտնվող մի քանի դիրքից, որտեղ եկել ու նստել են, բայց մեզ ասեն՝ օրինակ՝ Տիգրանաշենը, Տիգրանաշենի հարակից բարձունքները հանձնում եք։ Մինչդեռ այդ հարակից բարձունքները հանձնելով՝ սկզբունքորեն հանձնելու ես գյուղը, նաև երկրորդ միջպետական ճանապարհի մի հսկայական հատված ես հանձնում, ինչը խնդրահարույց է մեզ համար»,- ասաց նա։
Հայկ Նահապետյանի խոսքով՝ մենք արդեն իսկ սահմանագծման և սահմանազատման գործընթացի ենք ականատես լինում։
«Իրենք մեր տարածքից հետ են գնում, փոխարենը մեր տարածքից այլ տարածք են վերցնում։ Այսինքն՝ մեր տարածքի հաշվին Ադրբեջանն այսօր Նախիջևանի սահմանին դելիմիտացիա, դեմարկացիայի գործընթաց է իրականացնում։ Այդ գործընթացն արվել է նաև անցած տարի մայիսին Սև լիճ կոչվող տարածքում, Գորիս-Կապան ավտոճանապարհին»,- նշեց նա։