Ռուսական կողմը չի բացառում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների հանդիպման շրջանակներում կարող է բարձրացնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը։ Այս մասին TACC-ին հայտնել Է բանակցությունների ընթացքին ծանոթ ռուսական աղբյուրը։
«Ուկրաինացիներին դա չի վերաբերում, իսկ մեզ հետ նա կարող է քննարկել այդ թեման (խոսքը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման մասին է-TACC)։ Անկեղծ ասած, չեմ կարծում, որ ժամանակը բավական քիչ կլինի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի: Կիրակի երեկոյան Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ Ադրբեջանը զորքերը դուրս է բերել Արցախի Փառուխ գյուղից, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր զորքերը դուրս բերելու վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի տարածած հայտարարությունը։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։
Նշենք նաև, որ ըստ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ ՀՀ Անվտանգության խորհուրդն էլ Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ: