Կրեմլում կոչ են անում ձեռնպահ մնալ Ղարաբաղի վերաբերյալ զգացմունքային արտահայտություններից, Մոսկվան ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Ռուսաստանի Պետդումայի տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Դելյագինը ռուսական դաշնային հեռուստաալիքներից մեկի եթերում առաջարկել էր միջուկային հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը:
«Այդ հայտարարությունը ոչ մի կերպ չի համապատասխանում և չի կարող համապատասխանել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գծին։ Դա ավելի շուտ հայտարարություն է՝ հիմնված անձնական հույզերի վրա։ Անշուշտ, մենք կոչ կանեինք վերահսկել այդ հույզերը և զերծ մնալ նման հայտարարություններից։ Ադրբեջանը դասվում է գործընկեր երկրների շարքին, առավել ևս այն պայմաններում, երբ Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում Ղարաբաղում խաղաղության պահպանման և բոլոր կողմերի համապատասխան պարտավորությունների կատարման ուղղությամբ»,- ասել է Պեսկովը։