Կորոնավիրուսը և 2020 թվականի զինված հակամարտությունը սրել են Հայաստանի տնտեսական խնդիրները։ Այս մասին ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Մարդու իրավունքների վիճակը աշխարհում» 2021-2022 թվականներին երեքշաբթի օրը ներկայացված տարեկան զեկույցում։
Նշվում է, որ, ըստ Համաշխարհային բանկի՝ Հայաստանում ՀՆԱ-ի անկումը կազմել է 8%, ինչը հանգեցրել է 70 հազար մարդու աղքատացման և 720 հազարի սոցիալական վիճակի վատթարացման։
Ռեսուրսների ոչ ճիշտ վերաբաշխման պատճառով առաջացել են բժշկական օգնության հասանելիության խնդիրներ։ COVID-19-ի դեմ պատվաստված քաղաքացիների թվի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ցածր մակարդակի վրա.
Զեկույցի համաձայն՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո Հայաստանում խոսքի ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը շարունակում են սահմանափակվել։ Հանրահավաքներն ու բողոքի ակցիաները հիմնականում թույլատրվել են ողջ երկրում։ Սակայն ազատ կամքի կամ կարծիք հայտնելու իրավունքը անհիմն կերպով սահմանափակվել է։ Մասնավորապես, կառավարությունը նախաձեռնել է մի քանի օրենսդրական ակտեր, որոնք փաստացի սահմանափակել են լրատվամիջոցների գործունեությունը, այդ թվում՝ պաշտոնյաներին վիրավորելու համար, նշվում է Amnesty International-ի զեկույցում։
Զեկույցում նշվում է նաև, որ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել 2020 թվականի հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների համար։
Amnesty International-ը նշում է, որ հրադադարից հետո գերեվարված ավելի քան 40 հայեր մնացել են Ադրբեջանում՝ անմարդկային պայմաններում: Զինված հակամարտության հետևանքով շուրջ 36 հազար էթնիկ հայեր տեղահանվել են երկրի ներսում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի անվտանգության հարցը մնում է ծայրահեղ անկայուն՝ դրա սահմանանշման և սահմանազատման գործընթացի բացակայության պատճառով։ Տեղական սահմանային բախումներ են տեղի ունենում, որոնց հետևանքով կան զոհեր ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում, ասվում է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։