Ադրբեջանի վերաբերյալ ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի հնչեցրած խոսքերը չեն արտացոլում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը։ Այդ խոսքերն անթույլատրելի և անպատասխանատու են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արդեն ամբողջությամբ մեկնաբանել է հայտարարությունը, և, բնականաբար, համակարծիք ենք նման գնահատականի հետ։ Մեր կողմից կարող եմ ավելացնել, որ նման ցանկացած հայտարարություն մենք բացարձակ անթույլատրելի և անպատասխանատու ենք համարում։ Դրանք ոչ մի կերպ չեն արտացոլում մեր երկրի, Ռուսաստանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը, որն ուղղված է Բաքվի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական գործընկերության կառուցմանը։ Վստահ ենք, որ նման սադրիչ արտահայտություններին համապատասխան գնահատական է տրվելու նաև մեր երկրի Պետդումայի ղեկավարության կողմից»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Դելյագինն իր Telegram-ալիքում առաջարկել էր միջուկային հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը: