Պետդուման կարձագանքի Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ գտնվող «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարությանը։ Այս մասին Ria.ru-ին հայտնել է Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։
Նա ադրբեջանական դատախազության գործողություններն անվանել է նյարդային ու սխալ։
«Մենք կարձագանքենք նման հայտարարություններին, կփորձենք հիմա որոշակի քայլեր ձեռնարկել մեր գործընկերներին հանգստացնելու համար։ Կարծում եմ՝ մեր ադրբեջանցի գործընկերները նման վերաբերմունք ունեն քննադատության նկատմամբ»,- ասել է Չեպան։
«Կարծում եմ՝ պետք է մի փոքր հանգստանալ: Իսկ Դելյագինն արժե, որ մի քիչ ավելի զուսպ և կշռադատված խոսի։ Ես հասկանում եմ, որ այժմ իրավիճակը նյարդային է, և կար ղարաբաղյան հակամարտության սրացում, բայց մենք պետք է ավելի զուսպ լինենք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ադրբեջանը միջազգային հետախուզման մեջ էր հայտարարել ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան»-ի պատգամավոր Միխայիլ Դելյագինին։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Դելյագինին մեղադրում է ագրեսիվ պատերազմ վարելու բացահայտ կոչերով, ահաբեկչական հարձակման սպառնալիքով, ազգային ատելություն հրահրելով ուժի կիրառման սպառնալիքներով և պաշտոնական դիրքն օգտագործելով։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Պետդումայի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Դելյագինը «60 րոպե» և «Ժամանակը ցույց կտա» թոք շոուներում, որոնք հեռարձակվել են համապատասխանաբար «Ռոսիա 1» և «Առաջին» դաշնային ալիքներով։ Ադրբեջանն անվանել է սպառնալիք Ռուսաստանի համար և հորդորել ոչնչացնել նրա նավթարդյունաբերությունը։