Մենք այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք Լեհաստանի ԱԳՆ և ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ առաձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռաուի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ։
Նախարարի խոսքով՝ հանդիպմանն անդրադարձել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։
«Գործընկերոջս մանրամասներ ներկայացրեցի Փառուխ գյուղ Ադրբեջանի ԶՈՒ-ի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրւթյան վերաբերյալ։ Քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան սահմագոտում տիրող իրավիճակի հետ կապված խնդիրները»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ երկխոսություն է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության և կայունությաան հարցերի լայն շրջանակի, ԵԱՀԿ-ում լեհական նախագահության առաջնահերթությունների և հեռանկարների մասին։ Միրզոյանը Ռաուին ներկայացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ զարգացող իրադարձությունները։
Նախարարը նշեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի ստանձնումը համընկել է եվրոպական լրջագույն ճգնաժամի՝ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետ, և հասկանալի է, որ ԵԱՀԿ ուշադրությունը սևեռված է այդ ուղղությամբ։ Այնուհանդերձ՝ Արարատ Միրզոյանը հույս ունի, որ ԼՂ հարցը կմնա կազմակերպության ուշադրության տիրույթում։
«Սա կարևոր է հատկապես այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները ԼՂՀ-ում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար»,- ասաց Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ Փառուխ գյուղ ներխուժմանը նախորդել էին հայկական գյուղերի ու ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը, Ադրբեջանը խափանել էր ԼՂ-ի կենսական նշանակություն ունեցող միակ գազատարը, ինչը նա համարում է նախապես ծրագրված սադրանք։
«Չեմ կարող չնշել, որ 44-օրյա պատերազմի ավարտից մոտ 1,5 տարի անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը, ինչպես նաև իր կողմից ստորագրած նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ պատանդառության մեջ պահելով հայ ռազմագերիների»,- գերիների մասին խոսելով՝ շեշտեց Միրզոյանը՝ հավելելով, որ ակնկալվում է Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունը։
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն տարածաշրջանային այցի շրջանակներում ապրիլի 1-ին ժամանել է Երևան։ Նա նախկինում եղել է Թբիլիսիում և Բաքվում։ Այցի նպատակն էր նպաստել Հարավային Կովկասում համագործակցության, երկխոսության և կայունության զարգացմանը։ Այցի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։