ԵԱՀԿ գործող նախագահ և Լեհաստանի ԱԳ նախարար Զգիբնև Ռաուն Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումից հետո տեղի ունեցած հայտարարության ժամանակ շնորհակալություն հայտնեց Հայաստանում իրեն հյուրընկալելու համար։
«Մեկ անգամ ևս ես վերահաստատում եմ ԵԱՀԿ-ի դերը տարածաշրջանում խաղաղության հանձնառության և կայունության հաստատման համար։ Իմ լրջագույն մտահոգությունն այն է, որ տարածաշրջանում անվտանգության վիճակը մնում է անկայուն։ Սա իմ ամենակարևոր ուղերձներից մեկն էր հյուրընկալներին»,- ասաց Ռաուն՝ նշելով, որ սա Հարավային Կովկաս իր այցելության վերջնակետն է։
Նա հավելեց, որ բանակցությունները կենտրոնացած էին տարածաշրջանում տիրող իրավիճակի և Հայաստանում և նրա հետ ԵԱՀԿ ներգրավվածության ընդլայնման տարբերակների ուսումնասիրման վրա։
ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրացնելուն ուղղված բոլոր նախաձեռնությունները։
«Իրական երկխոսությունը չափազանց կարևոր է վստահության և դեէսկալացիայի առաջխաղացման համար։ Մենք վճռական ենք դիմել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին բարեխղճորեն ներգրավվելու բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծմանը հասնելու համար»,- ասաց Ռաուն։
Նա հույս հայտնեց, որ կարող է առաջընթաց արձանագրվել հումանիտար հարցերում, ինչպիսիք են մնացյալ գերիների ազատումը, անհետ կորածների մասին տեղեկության փոխանակումը, ականազերծումը, պատմական և մշակույթային վայրերի պաշտպանությունը։ Նա վերահաստատեց ԵԱՀԿ-ի և Հայաստանի երկարաժամկետ համագործակցությունը։
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն տարածաշրջանային այցի շրջանակներում ապրիլի 1-ին ժամանել է Երևան։ Նա նախկինում եղել է Թբիլիսիում և Բաքվում։ Այցի նպատակն էր նպաստել Հարավային Կովկասում համագործակցության, երկխոսության և կայունության զարգացմանը։ Այցի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։