«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխող թիմում չեն բացառում, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն, հակառակ դեպքում ժամանակից շուտ խաղաքարտերը չէին բացի, ինչպես արեցին օրերս` Վահագն Ալեքսանյանի բերանով հայտարարելով, որ Տիգրան Ավինյանը քաղաքապետի ՔՊ թեկնածուն է եւ առաջիկայում փոխքաղաքապետ է նշանակվելու։ Բացի այդ, մեր աղբյուրների փոխանցմամբ, դե յուրե եւ դե ֆակտո քաղաքապետների` Հրաչ Սարգսյանի եւ Տիգրան Ավինյանի ջրերն արդեն մի առվով չեն գնում` տարաձայնություններն այնքան շատ են, որ չնայած թաղապետերի թեկնածուները որոշված էին շատ առաջ, սակայն հիմա նոր-նոր են նշանակվում` Ավինյանի ձեռամբ։ Սարգսյանին թվացել էր, թե մեկ տարի կարող է լիարժեք վայելել պաշտոնը, քանի որ քաղաքապետի ընտրվելուց հետո 1 տարի չեն կարող անվստահություն հայտնել, սակայն նրան հասկացրել են, որ «Երեւանի վարչական բաժանման մասին» օրենքում փոփոխություն անելը 1 օրվա հարց է։ Ժամանակին քննարկում էին Փարաքարը Երեւանին միացնելով Մարությանից ազատվելու, հիմա՝ Ջրվեժը Երեւանին միացնելու խոշորացման նախագծով արտահերթ ընտրություն անելու եւ Հրաչ Սարգսյանից ազատվելու տարբերակը։ Վարչական նոր բաժանման դեպքում համայնքում նոր ընտրություններ են անցկացվում։ Երեւանի ավագանու հերթական ընտրությունը 2023 թվականին է»։
«ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելուց հետո իշխանությունն այժմ մտածում է՝ ով է կատարելու նրա պարտականությունները կամ միանգամից նախարար նշանակվելու: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԻՆ-ում այն համոզմանն են, որ թեև իմքայլական նախկին պատգամավոր, ՔՊ-ի հիմնադրման ակունքներում կանգնած, ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը վատ անձ չէ, թիմային գործընկեր է, բայց ոլորտին այդքան էլ լավ, ամբողջովին ու խորապես չի տիրապետում: «Ի տարբերություն Փամբուխչյանի՝ մյուս փոխնախարար Արա Նազարյանը լավ գիտի համակարգը, այսպես ասած, Դավիթ Տոնոյանի կադրերից է, դեռ նրա ժամանակներից սկսած է դպրոց անցել»,- տեղեկացրեց նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը: Չնայած ԱԻ նախարարության առավել փորձառու, հնաբանկ աշխատակիցների՝ Նազարյանի մասին ունեցած կարծիքին ու հենց նրան նախարարի պաշտոնում տեսնելու ցանկությանը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այլ որոշում ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, այնուամենայիվ, Արմեն Փամբուխչյանին կվստահվի»։
«Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի բոթաբեր ելույթից հետո, մեր տեղեկություններով, «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի միջոցով փորձել է հասկանալ իրավիճակը, պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայանա ԱԺ եւ բացատրություններ տա ընդդիմադիրներին, ներկայացնի այն փաստաթղթերը, որոնք Ադրբեջանի կողմից ներկայացվել են Հայաստանին։ Նշենք, որ հայտնի 5 կետերից եւ մեր պատասխանից հետո, որոշ տեղեկություններով, Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով կրկին պատասխան է ուղարկել, եւ ընդդիմադիրները ցանկացել են իմանալ, թե ինչ է պարունակում այն։ Սակայն Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիրներին փոխանցել է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գալ խորհրդարան, փակ հանդիպում ունենալ «Հայաստան» խմբակցության հետ եւ մանրամասներ ներկայացնել։ Ընդդիմադիրները հրաժարվել են` ասելով, որ իրենց համար ընդունելի չէ այդ ֆորմատը, եթե անգամ փակ հանդիպում, ապա՝ ամբողջ խորհրդարանի հետ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրաթերթի տեղեկություններով՝ ԱԻՆ կալանավորված նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ ԱԻՆ այլ պաշոնյաների մասով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ, ըստ էության, նախաքաննական մարմինը քրեական գործով անցնող կաշառք տվող անձանց առաջարկ է արել: Մասնավորապես՝ ասել է՝ նրանք, ովքեր ցուցմունք կտան եւ կպատմեն, թե ում եւ ինչ հանգամանքներում են կաշառք տվել, ապա երկրից չհեռանալու մասին ստորագրության հիմքով ազատ կարձակվեն, իսկ ովքեր չեն պատմի եւ ցուցմունք չեն տա, թե ԱԻն որ պաշտոնյային են տվել կաշառք, ապա կկալանավորվեն: Կաշառք տված անձանցից շատերը պատմել են այն, ինչ անցել է իրենց գլխով, եւ այսօր ազատության մեջ են, իսկ կան անձինք, որոնք ցուցմունք չեն տվել, կալանավորված են»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ բավականին լարված են կառավարության այլ թևերի և ֆինանսական բլոկի հարաբերությունները։ Նախ՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, ամենօրյա գնաճի թեման կառավարությունն ամեն կերպ փորձում է գցել ֆինանսական հատվածի պատասխանատուների «գրպանը»։ Խոսքը ԿԲ-ի, ֆիննախի և ՏՄՊՊՀ-ի մասին է, որոնց ներկայացուցիչները դարձել են գործադիրի քավության նոխազը: Ավելին, մեր տեղեկություններով, կոմիտեների նիստերն անցնում են բավական թեժ ու փոխադարձ մեղադրանքներով։ Մյուս կողմից՝ ֆինանսական բլոկի ներկայացուցիչներն իրենց հերթին սրտնեղում են վարչապետի աշխատակազմի ու այլ նախարարությունների կողմից ներկայացվող անհասկանալի ու ոչ մի լուրջ հիմնավորում չունեցող ծախսերից, բայց նրանց «նեղվածությունը» հաշվի առնող չկա»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեղմված բնական գազի գինն երեկվանից թանկացել է: Օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ սեղմված բնական գազի մեկ լիտրն ավելի քան 20-30 դրամով թանկացել է: Երեկվա դրությամբ հայաստանյան որոշ գազալցակայաններում սեղմված բնական գազի մեկ լիտրը վաճառվել է 350-360 դրամով: Օրեր առաջ այն արժեցել է 320-330 դրամ: Չի բացառվում, որ սրա հետեւանքով թանկանան նաև ուղևորափոխադրման սակագները: Ավելին, տաքսիների վարորդների մի հատված, առիթից օգտվելով, թանկացրել է ուղևորափոխադրման վարձը: Տեղեկացնենք, որ ապրիլի 1-ից գազի սակագինը սովորական սպառողների համար բարձրացել է 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ: Բացի այս, ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ բիզնեսի համար կապույտ վառելիքը ապրիլի 1-ից կթանկանա 3,9, իսկ ջերմոցային տնտեսությունների համար՝ 4,5 տոկոսով»։